Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը բավականին բուռն սկսվեց: Ընդդիմադիրներ գումարած ԲՀԿ գրոհի տակ էին պահում ԱԺ խոսնակին` Մաքսային միության անդամակցության շուրջ հարցախեղդ անելով: Նախ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ իր ղեկավարած հանձնաժողովը դիմել էր խոսնակին, որ արտգործնախարարության աշխատակիցներ հրավիրվեն ԱԺ՝ համապատասխան տեղեկատվություն տալու: Աբրահամյանը նշեց, որ Սերժ Սարգսյանն այս որոշման մասին նախապես քննարկել է կոալիցիոն ուժերի հետ: Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ ԱԺ-ն մեկուսացած է գործընթացից և որևէ փորձագիտական տեղեկություն չունի իրավիճակի մասին: Պատգամավորը հրատապ որակեց հարցը և առաջարկեց կազմակերպել քննարկում որևէ միջազգային համաձայնագրի շրջանակում` խորհրդարան հրավիրելով Էդվարդ Նալբանդյանին: Ավելին, Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը ևս պետք է պարզաբանումներ տա ԱԺ-ում: Հովիկ Աբրահմայնն ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը Մաքսային միությանն անդամակցելու առնչությամբ: Ըստ նրա, դա բխում է մեր երկրի շահերից ու ամենևին էլ մեր ինքնիշխանությանը հարված չի հասցնում: Խոսնակը խոստացավ հրավիրել համապատասխան պաշտոնյաների՝ բացատրություններ ներկայացնելու: Չնայած Աբրահամյանի հավաստիացումներին, ընդդիմադիրները շարունակում էին հարցերի տարափ տեղալ, իսկ վերջինս վստահեցնում էր, որ ԱԺ-ն հաշվի առնել-չառնելու խնդիր չկա, ժամանակը կգա պատգամավորներն իրենց տեսակետը կհայտնեն: Ալեքսանդր Արզումանյանն էլ հակադարձեց խոսնակի այն դիտարկմանը, թե մաքսային միության միանալը չի նշանակում հրաժարվել ասոցացման համաձայնագրից: Պատգամավորը նախ նկատեց, որ երկու կողմերից մեկը` ԵՄ-ը, հայտարարել է չստորագրելու մասին, հետո էլ պատկերավոր նշեց. «Դա նույնն է, թե ասեն` հարսին տվել են ուրիշին, բայց ես մեկ ա պսակվելու եմ հետը: Երկրորդ ստորագրող կողմն այս պահին հրաժարվում է ստորագրել»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ